irates.am-ի հարցին պատասխանում է պահպանողական կուսակցության նախագահ Միքայել ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ:
-Երբ Շանթ Հարությունյանը դատվում էր Մարտի 1-ի հետընտրական իրադարձություններից հետո հանրահայտ «Յոթի գործով», նա այն սակավաթիվ քաղբանտարկյալներից էր, ով քաղաքականացրեց դատավարությունը և ստեղծված իրողությունները բացատրեց նաև աշխարհաքաղաքական հանգամանքներով, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել Հայաստանի վրա:
Առաջիկա օրերին սպասվում է Շանթ Հարությունյանի և նրա համախոհների դատավարությունը, որոնք յոթ ամիս շարունակ գտնվում են անազատության մեջ Մաշտոցի պողոտայում հեղափոխության ակցիա իրականացնելու պատճառով: Շանթ Հարությունյանին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով («Խուլիգանություն»): Հնարավոր ի՞նչ զարգացումներ եք սպասում այդ դատավարությունից, եթե նկատի ունենանք, որ քաղաքական ուժերի մեծ մասն էլ այս ընթացքում ցուցաբերեց անտարբերություն:
-Այո՛, պարոն Շանթ Հարությունյանը, լինելով իրապես քաղաքական անհատականություն, 2008 թ. Մարտի 1-ի դատավարությունը գոնե իր մասով մինչև վերջ քաղաքականացրեց՝ չտրվելով իրավականության հարթությունում այն լղոզելու համատարած գծին: Պարոն Հարությունյանին անձամբ կամ գոնե նրա հրապարակումներին ծանոթ ցանկացած բանական մեկը կհասկանա, որ խուլիգանության տարրն այս պարագայում իսպառ բացառվում է՝ նրա անհատական կոնստիտուցիայից ելնելով, և որ այդ պիտակավորումն ատավիզմ է ներկա համակարգի հայրերից՝ կոմունիստներից մնացած: Գիտե՞ք, ժամանակին Խորհրդային Միության տարածքում առաջին ընդհատակյա կուսակցության՝ Ազգային միացյալ կուսակցության հիմնադիր Հայկազն Խաչատրյանին էլ այսօրվա նեոկոմունիստների հայրերը դատեցին խուլիգանության պես ինչ-որ հոդվածով, հետո խորհրդահայ քաղկալանավորներից շատերին զլացան «բաշխել» չարաբաստիկ 65 հոդվածը, քանի որ միջազգային ինչ-ինչ պարտավորություններ ունեին և նրանց դատեցին զանազան հոդվածներով, թեև նրանց գործունեությունը տեղավորվում էր միայն քաղաքական այդ հոդվածի մեջ՝ հակասովետական պրոպագանդա և ագիտացիա: Այսօր էլ միջազգային ճնշումների արդյունքում Հայաստանի քրեական օրենսգրքից հանված են քաղաքական կամ քաղաքականամերձ հոդվածները՝ իբրև թե Հայաստանը ժողովրդավարական երկիր է: Բայց քանի որ ներկա Հայաստանը ժողովրդավարական չէ, ուստի ունի քաղբանտարկյալներ, և իշխանությունները ստիպված նրանց կպցնում են խուլիգանության խայտառակությունը՝ վկայակոչելով «տուժող» ոստիկանների, ինչով աշխարհով մեկ և մեր հանրության ենթագիտակցության մակարդակում վարկաբեկում ու նվնվան տիկնանց ակումբի են վերածում պատանի մեր պետականության ամբողջ իրավական համակարգը: Սա, բացի մարդկային ճակատագրերի ողբերգություն լինելուց, նաև ուղղակի հարված է պետականության հիմքերին:
Չկասկածեք՝ այս անգամ ևս խաղացվելու է Մարտի 1-ի դեպքերի գործով դատավարական խեղկատակությունը, ինչը ավելի քան հակապետական է, այլ կերպ հնարավոր չէ որակել: Մեր պետությունը կրկնակի է պարտվում. նախ՝ որ ունի քաղբանտարկյալներ, երկրորդ՝ որ պղծվում են իրավագիտակցությունն ու իրավահարաբերությունները: Եվ ոչինչ չի խոչընդոտելու այս խայտառակ ընթացքը, և Ձեր ասած «քաղաքական ուժերը» դիակապտիչի նման, քաղաքական դիվիդենդներ շահելուց զատ, ոչ մի շոշափելի բան չեն անելու, քանի որ նման հանձնարարական Մոսկվայից դժվար թե իջեցվի նրանց:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ